38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ոսկե երակը հայկազյան ցեղի

Ոսկե երակը հայկազյան ցեղի
03.04.2023 | 21:53

(սկիզբը` այստեղ)

ՄԱՍ 3 (ավարտ)

1942-ից Հայրենական մեծ պատերազմին զինվորագրված իմ տասնութամյա Սերգեյ հայրն այդ պատերազմից մեզ առարկայական ո՛չ մի հիշողություն չթողեց՝ բացի կիսով չափ թրատված կրծքից, որի մասին իմ Տաթև դստեր հարցին կատակով պատասխանել էր, թե Հիտլերն է կերել, ստացած մի քանի բուռ մեդալից, որոնք մեզ համար մանկության տարիների գունեղ խաղալիքներ էին լոկ, ու պատերազմի մասին կինոնկարները դիտելիս արցունքները գողունի մաքրելուց՝ ինչ է թե խեղճացած չներկայանա մեզ՝ իր զավակներին։

Մնացածում նրա տված դասերն իր հոր հիշատակը սրբորեն պահելն էր, մորն՝ աստվածացնելը, աշխատանքին, ընտանիքին նվիրված լինելը, մեկ էլ այն ծանր ապտակը, որ դասերս ստուգելու ոչ բարով առիթով ստացել էի Շիրվանզադեի հերոսներից մեկին ոգևորված մեջբերելուց, թե՝ մարդս անասուն է, եթե տեսար ցեխի մեջ...

Սակայն շատ ավելի կարևորում հայրս, որ համրախոս եղավ մեզ՝ իր անմիջական ընձյուղումների հետ, կյանքի դասեր դարձրեց թոռնիկների պարագայում՝ երևի բնական վախ ունենալով, որ պորտից պորտ հեռացումը կարող է գենետիկ հիշողության կորստի բերել։ Սակայն ի՜նչ կորստի մասին կարող է խոսք լինել, երբ իմ մեծ ընտանիքը հայրենիքին Վիկտոր տվեց՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վիկտոր Յուզիխովիչ, ում, սովորույթի ուժով, Վիտյա, Վիտյուշ էինք դիմում՝ կորստից հետո միայն առարկայնորեն հասու դառնալով հայրենիքին մարտիրոսվածի նրա լեռնացած մեծությանը։

Ապրիլյան քառօրյայով իր հավերժ 19-ի մեջ մնացած ի՛մ, արդեն համոզված եմ, նաև քո՛, մե՛ր բոլորի Վիտյան դարձավ երկրի պատմությանն ընդմիշտ ներհյուսված ներկայություն, մնաց որպես հայրենիքին նվիրվածության կտրուկ մերժում բռնցքամարտի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչին, ով աշխարհամասի առաջնության փոխչեմպիոնի նրա հսկայական ներուժն ու հային ոչ բնորոշ ազգանունը տեսնելով, 14-ամյա պատանյակին երկիրը փոխելու առաջարկ էր արել գայթակղիչ խոստումների շարանով։ Մեր տղայի մեզ համար ուշացումով իմացած պատասխանի ուղիղ վկայությունն էր ծառայությունն Արցախում անցկացնելու ինքնակամ ընտրու-թյունը, որտեղ էլ կնքեց իր... հավերժությունը։

․․․Մայիսյան Եռատոնի մասին գրելու առաջարկ է արել խմբագրությունը՝ չդնելով ծավալի, էջերի սահմանափակման խնդիր, ու ես, որ թվում է ահավոր շա՛տ բան պիտի ունենայի հիշելու ու հիշեցնելու արցախյան գոյամարտի մասին թե՛ իմ լուսաբանումներից, թե՛ տեսած-լսածից և թե ապրածից, հիմա համրացել ու ոչի՛նչ չեմ կարողանում հիշել՝ բացի նեղ ընտանեկան այս պատմություններից՝ փորձելով գոնե ինքս ինձ համոզել ու հավատացնել, որ դրանք իրականում այնքան էլ նեղ շրջանակի խնդիրներ չեն, որ դրանցում գենետիկ կոդով ՄԱՐԴՈՒ, ՏԵՍԱԿԻ մեր հավաքականությանն ի պահ տրված որակական հատկանիշների բարձրաձայնումներն են ու որոնք ճակատագրական նշանակության պահին խոսքից կարող են գործողության վերածվել ու վերածվել են մասնավորապես գիտակցված մահվան դիմած հայրենիի մեկ այլ խենթ-խելագարի՝ նռնակի օղակը քաշած Ռոբերտ Աբաջյանի՝ «էս հողի վրա իմ ընկերների արյունն է թափվել» ահազդու հիշեցումով ու «էս դիրքը հանձնողի մերը...» մահ-գերեզմանից այն կողմ էլ սերնդե¬սերունդ հետապնդող մահասարսուռ զգուշացումով, որ ոգու անսանձ պոռթկում է, սթափության ու բանականության պատգամ, ՏԵՍԱԿԻՆ, ՀԱՅՐԵՆՒՔԻՆ անդավաճան մնալու պատվիրան։

Մայիսյան Եռատոնին ընդառաջ խոսք ասելու իրավունք է արտոնել խմբագրությունն, ու իմ մեծ ընտանիքի այս երեք սերնդի արանքում ավագներից միակ ողջ մնացածս մոլոր կանգնել եմ վաղնջականից ցարդ ընկած ժամանակի ահռելի տիրույթում ու սարսափից դողում, որ հայրենիքին կյանքը նվիրաբերածների ահռելի բանակը կազմածների հիշատակման մեջ հանկա՛րծ թե անփութորեն, հանկա՛րծ թե անզգուշորեն, հանկա՛րծ թե դավադրաբար հիշողության անկում չունենամ ու մոռացության տամ որևէ լուսեղեն, խոնարհման արժանի անուն՝ մեղսավորիս ընդմիշտ մատնելով գեհենի բոցերին, քանզի, անկախ նրանից՝

-նրանք մեր մեծ պատմության մեծ սկիզբը դրած Հայկ անվանադիրի առաջնորդած լայնալիճ աղեղնավորներն էի՞ն,

-Տղմուտ գետի ափին սկիզբ առած ու երկրի խորքերը քաշված ռազմի գործողություններում սրբադասված Վարդանա՞նք,

-հավելյալ զգոնության ու զգաստության կոչ անող Էջմիածնի զանգերի ղողանջների տակ սարդարապատյան հերոսամարտը հյուսած անմահ լեգենդնե՞ր,

-ազգային ոգեղենության արցախյան ինքնականչ-ինքնաբոլորումի խենթ զինվորագրյալնե՞ր,

-թե՞ Ապրիլյան քառօրյայի մարտիրոսվածներ,

նրանք ամենամեծ ամենահայերն էին ու են, ոսկե երակը Հայկազյան ցեղի, որոնց ոգեկոչմամբ ու խնկարկմամբ պիտի հայոց աշխարհի վրա բացվի Աստծո յուրաքանչյուր օր, եթե մեր հավատի ու ինքնության պատերազմը չենք համարում ավարտված։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 14072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ